Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ
քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի շարունակական խորացումը և հույս
հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև
փոխգործակցության զարգացմանը:
Դեսպան Լազարոթոն նշել է, որ պաշտոնավարման ընթացքում պատրաստ է ներդնել
առավելագույն ջանքերը՝ հայ-շվեցարական բարեկամական հարաբերությունների
ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին
վերաբերող հարցեր: Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու
պատրաստակամությունը՝ կողմերն անդրադարձել են տարբեր ուղղություններով
գործակցության զարգացման հնարավորություններին: Որպես այդպիսիք՝ երկուստեք
հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, առողջարանային զբոսաշրջության, բնապահպանության, դեղագործության և մի շարք այլ ոլորտներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում կապեր հաստատել երկու կողմերի համապատասխան պետական մարմինների միջև և արդեն միջգերատեսչական մակարդակով մանրամասն քննարկել անելիքները: