Հայերի հետ կապված միջադեպի պատճառով Կոնգրեսն արգելել է ամերիկյան զենք վաճառել Էրդողանի թիկնազորին
ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներին: Կոնգրեսի ընդունած
իրավական ակտում նշվում է, որ ԱՄՆ-ը չի վաճառի զենք Էրդողանի թիկնազորին այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրենսդրական մարմնին չներկայացնի հատուկ զեկույց Էրդողանի թիկնազորի` հայերի և քրդերի վրա հարձակման փաստի մասին:
Խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիսին տեղի ունեցած միջադեպին, երբ Էրդողանի թիկնազորը Վաշինգտոնում դաժան ծեծի ենթարկեց հայ և քուրդ խաղաղ ցուցարարներին:
Կոնգրեսը նաև արգելել էամերիկյան F-35 կործանիչների վաճառքը Անկարային, մինչև Պենտագոնը զեկույց չներկայացնի Թուրքիայի կողմից ռուսական ЗРС С-400 հրթիռների ձեռքբերման հետևանքների մասին:
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) և հույն-ամերիկյան ղեկավարների խորհուրդը (HALC) ողջունել են Կոնգրեսի որոշումը:
Փաստաթուղթն ուղարկվել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վավերացմանը:
Նշվում է նաև, որ ավելի վաղ Անկարան բանակցություններ է վարել ԱՄՆ-ից Էրդողանի թիկնազորի համար 1.2 միլիոն դոլարի զենք գնելու շուրջ: