Ո՞վ է մշակելու ու իրականացնելու Սփյուռքի հետ քաղաքականությունը. Սփյուռքում մտահոգված են
Հայաստանի իշխանությունները վերակազմավորում են Սփյուռքի նախարարությունը՝ փոխարինելով այն Հայաստանի վարչապետին կից հանձնակատարի պաշտոնով: «Ամերիկայի Ձայնը» քննարկել է այս հարցը սփյուռքահայ շրջանակների և փորձագետների հետ:
Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են կառուցվածքային փոփոխություններ կառավարման համակարգում: Ըստ վարչապետ Փաշինյանի, կառավարությունը միտված է իր կառուցվածքում չունենալ Սփյուռքի նախարարություն: Փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոն: Սփյուռքագետ Վահե Սահակյանն անդրադառնում է հանձնակատարի հիմնական գործառույթներին, որոնք ընդգրկում են Սփյուռքի հարցերում նախարարությունների աշխատանքի համակարգումը, քաղաքականության ուղղությունների առաջարկությունները և իրականցվող քաղաքականության մշտադիտարկումը: Նա խնդիրը դիտարկում է որդեգրած քաղաքականության հարթակում:
«Սփյուռքի նախարարության կարգավիճակը փոխելու կամ պահելու հարցը ածանցյալ է: Առաջնայինը այն է, թե ինչ քաղաքականություն ենք ունենալու կամ չենք ունենալու Սփյուռքի հետ հարաբերություններում»,- նշում է Սահակյանը:
Առաջարկված նախագիծը, ըստ Սահակյանի, սակայն չի հստակեցնում քաղաքականության մշակման և իրականացման գործառույթի հիմնական օղակը:
«Ինձ համար հարց է, թե ով է լինելու քաղաքականության մշակողն ու իրականացնողը, եթե, ըստ առաջարկված նախագծի, հանձնակատարը չունի այդ լիազորությունները: Եթե այն պետք է իրականացնեն տարբեր նախարարություններ, ինչպես նշված է վարչապետի վերջին ելույթներում, ապա հարց է ծագում, արդյո՞ք Սփյուռքի հետ կապերն ապահովող բաժինները պետք է ստանան հավելյալ ֆինանսավորում՝ ավելի լավ քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար հանձնակատարի համակարգմամբ»,- հարց է բարձրացնում փորձագետը։
Իր հերթին Վաշինգտոնում Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակ, արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանի կարծիքով էլ Սփյուռքի նախարարության գործառույթների ապակենտրոնացումը հարց է առաջացնում, թե որն է այն հիմնական մարմինը, ուր կարող է դիմել սփյուռքահայությունը, և արդյոք կարող է մեկ պաշտոնյան իրականացնել մի ամբողջ կառույցի կատարած աշխատանքի ծավալը:
«Նրանք նշում են, որ ամեն մի նախարարություն պետք է զբաղվի Սփյուռքի հետ կապերով, սակայն չեմ կարծում, որ ամեն մի նախարարություն ամեն ինչով կարող է զբաղվել: Հստակություն է անհրաժեշտ: Կարծում եմ այստեղ դեռևս այն չկա»,- նշում է արքեպիսկոպոսը:
Վահե Սահակյանի կարծիքով էլ Սփյուռքի նախարարության գործառույթների ապակենտրոնացումը հանձնակատարի համակարգմամբ կիրառելի է միայն պասիվ քաղաքականության որդեգրման պարագայում:
«Եթե որոշում է ընդունվել ընդամենը պասիվ արձագանքել Սփյուռքից եկող պահանջներին, այդ դեպքում կարելի է թերևս ապակենտրոնացված մոդելով աշխատել»,- նշում է Սահակյանը:
Վարչապետ Փաշինյանի մատնանշած Սփյուռքի հետ կապերի երկու հիմնական խնդիրների՝ Սփյուռքի կարողությունների քարտեզագրման ու համահայկական ցանցի ստեղծման վերաբերյալ Սահակյանն ունի իր վերապահումները:
«Նախ ո՞վ պետք է իրականացնի քարտեզագրումը, ո՞ր մարմինը: Դժվար եմ պատկերացնում նաև միասնական կառույցի ստեղծման գաղափարը, քանի որ Սփյուռքի սահմանները անորոշ են, իսկ եթե չկա հստակություն, ապա ինչպես է կարելի ապահովել ներկայացուցչություն մի խմբում, որի սահմաններն անորոշ են»,- ասում է Սահակյանը:
Սփյուռքի հետ ավելի արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար սփյուռքագետն առաջարկում է ավելի նախաձեռնող քաղաքականություն որդեգրել և ընդլայնել հանձնակատարի պաշտոնի լիազորությունները՝ եղած գործառույթներին ավելացնելով քաղաքականության մշակման և իրականացման գործառույթը: Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանն էլ, ընդգծելով Սփյուռքի կարևորությունը Հայաստանի կյանքում, գտնում է, որ անհրաժեշտ է ժամանակ տալ կառավարությանն՝ ավելի արդյունավետ քաղաքականությամբ հանդես գալու համար: