«Թուրքիան մեր բարեկամը չէ». ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացրել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան պաշտոնական էջից:
Կոնգրեսականը, մասնավորապես, անդրադարձել է վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանն ու հայտարարել՝ Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամը չէ:
«Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է, և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, Հայոց ցեղասպանության վրա: Կարո՞ղ եք արդյոք համապատասխան աշխատանք տանել վարչակազմի ներսում՝ հասկացնելու նրանց, որ Թուրքիան մեր բարեկամը չէ», -դիմելով Վենեսուելայում Թրամփի հատուկ պատվիրակ Էլիոթ Աբրամսին՝ ասել է Շերմանը:
Նա կոչ է արել, որ նախագահի վարչակազմը հրապարակային հայտարարություն անի այն մասին, որ դեմ չէ Կոնգրեսի միջազգային հարցերով հանձնաժողովում նախաձեռնված բանաձևին, որն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատում: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել: ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին: