Եվրոպայում բնակվող վրացի ներգաղթյալների հետ Սաակաշվիլիի հերթական հանդիպումը կկայանա Իտալիայում
Վրաստանի նախկին նախագահի և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ
Սաակաշվիլիի հերթական հանդիպոմը Եվրոպայում բնակվող վրացի ներգաղթյալների
հետ կկայանա մարտի 3-ին Իտալիայում: Նա գոհ է նախորդ շաբաթ բելգիական Լիեժ
քաղաքում հայրենակիցների հետ կայացած հանդիպումից՝ նշելով, որ տարբեր երկրներից հանդիպմանը մասնակցելու էին եկել 800 ներգաղթյալներ:
«Ես զարմացած էի, թե որքան մարդ է եկել Լիեժ: Ինձ ծիծաղելի է թվում, երբ ասում են, թե դահլիճում դատարկ տեղեր են եղել: Սա պարզապես ծիծաղելի է: Աշխարհի տարբեր շրջաններից 800 մարդ էր եկել, հավաքվել: Ցանկանում եմ ներողություն խնդրել այդ մարդկանցից այն բանի համար, որ երկխոսությունը չի կայացել Իվանիշվիլիի արարքի պատճառով: Նա Եվրոպայի կենտրոնում մի բան է արել, որ ո՛չ Պուտինի, ո՛չ Յանուկովիչի, ո՛չ էլ մյուս դիկտատորների մտքով անգամ չէր անցնի. նրանք երբեք մարդկանց ահաբեկելու նպատակով չէին ուղարկի մարտիկների, խուլիգանների ու սադրիչների:
Անվտանգության սպաները պաշտոնապես ժամանել էին Բելգիա՝ լրտեսելու համար»,-
գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:
«Մարտի 3-ին Իտալիայում ծրագրում ենք լավ հանդիպում, որտեղ մենք հատուկ միջոցներ կձեռնարկենք: Այնտեղ խոսքով ելույթ կունենամ ոչ միայն ես։ Անհնար է պատկերացնել, թե ինչ էր կատարվում Լիեժում: Ինչ մարդիկ էին բերել և ինչի՞ նման էին նրանք: Նրանց խորովածներ էին բաժանել: Կանանց զուգարանում թաքնվել էին մի քանի հաղթանդամ մարտիկներ, որոնք անկարգություններ էին հրահրում: Իվանիշվիլին ասում էր , թե կզարմացնի Եվրոոպան:Նա բացարձակապես հիվանդ է, և անհնար է, որ մենք չհաղթենք…Մենք գիտենք՝ ինչ ենք անում: Մարտի 3-ին մենք սպասում ենք ձեզ Իտալիայում: Այնտեղ իսկապես ես կլսեմ Ձեզ և ոչ թե՝ հակառակը»,- ասել է Սաակաշվիլին: