ՆԱՏՕ-ն Թուրքիայի հետ քննարկում է ռուսական Ս-400 համակարգի փոխարեն ֆրանսիական համակարգերի գնման տարբերակը
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Իտալիան ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի հետ քննարկում են տարբերակ, որ վերջինս հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը գնելուց՝ հօգուտ ֆրանսիական նման համակարգեր գնելու։ Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Խորհրդակցություններ են անցկացվում… այլընտրանքային՝ ֆրանսիական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հարցի վերաբերյալ»,- ասել է Ստոլտենբերգը։
Թուրքիան, հիշեցնենք, արդեն պայմանագիր ունի ռուսական կողմի հետ, սակայն նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցները պնդում են, որ ռուսական զինատեսակը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգի մեջ, ինչի հետ կապված Թուրքիային դրդում են հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգերից։