Մենք զարգացրել ենք ռազմական հզորություն և պատրաստ ենք օրվա իրավիճակին․ Ալիևը ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում
Ադրբեջանական կողմը Արցախյան հակամարտության հարցում վերադարձել է ագրեսիվ հռետորաբանությանը։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել հակամարտության ռազմական լուծումը և, փաստացի, ռազմական հռետորաբանության է դիմել՝ իրենց ռազմական հնարավորությունների հիշատակումով։
Նա հայտարարել է, որ աշխարհում հիմա առաջին պլան է մղվում հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը, իսկ իրենք իրենց տնտեսական ու ռազմական հնարավորությունները մեծացրել են հենց այսօրվա իրավիճակի համար, որովհետև «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»։
Ալիևը հայտարարել է, թե իրենց առաջնային նպատակն է երկրի «տարածքային
ամբողջականության վերականգնումը», և իրենք դրան մտադիր են հասնել բոլոր
ճանապարհներով։
Սա, փաստացի, խախտում է մինչ այս բանակցային գործընթացում ձեռքբերված
պայմանավորվածություններն այն մասին, որ Արցախյան հակամարտությունը պետք է
լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, և ուժի գործադրումն ու նույնիսկ դրա
գործադրման սպառնալիքն անընդունելի են։