Բաքվից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին այսօր արձագանքել են Բաքվից։ Փաշինյանի խոսքերը վերաբերում էին նրան, որ Երևանի այն պահանջին, որ Ստեփանակերտը միանա բանակցություններին, Բաքուն չի կարող հակադարձել, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»
ներկայացուցիչներին ներգրավելու պահանջով։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, արձագանքելով այս հայտարարությանը, ասել
է, որ Փաշինյանը մի կողմից խոսում է խաղաղության հաստատման համար բարենպաստ
պայմանների հաստատման մասին, մյուս կողմից` փորձում է փոխել բանակցությունների ձևաչափն ու ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում։
Ադրբեջանական կողմը, սակայն, սրանով դիմում է մոլորեցնող մեթոդի, որովհետև բանակցություններին Արցախի միանալը սպառնալիք և ագրեսիվ հռետորաբանություն չէ, ըստ այդմ՝ հայկական կողմի քայլերում հակասություն չկա։ Արցախի՝ բանակցություններին միանալու հիմնավորումը, ըստ Փաշինյանի, այն է, որ Արցախի ժողովուրդը չի ընտրում ՀՀ իշխանություններին, և ՀՀ վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, իսկ, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, ու բանակցություններում նրանց շահերը ներկայացնում է Ադրբեջանի
նախագահը։