Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը առավելություն ունի ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում
Այսօր Ադրբեջանը «առավելություն ունի ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»: Real TV-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով, Բաքուն «հզոր իրավական հիմք է ստեղծել հակամարտության կարգավորման համար»:
«Ապրիլյան մարտերը ցուցադրեցին մեր ուժը: Ամենաանբարենպաստ մարտական դիրքերից կոնտրհարձակողական գործողություն իրականացնելով՝ մենք ռազմավարական բարձունքներ գրավեցինք… Ապրիլյան մարտերից երկու տարի անց հաջողությամբ իրականացրեցինք Նախիջևանյան գործողությունը:
Սա մարտավարական իմաստով հատուկ գործողություն էր, բայց շատ բարեհաջող, որը թույլ տվեց մեզ լիովին վերահսկողության տակ առնել ռազմավարական բարձունքները, լեռները և այստեղից վերահսկել հակառակորդի ռազմավարական հաղորդակցությունները... Այս ամենը ցույց է տալիս, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», -կարծում է նա:
Ալիևը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը սկզբում այնպիսի հակասական հայտարարություններով էր հանդես գալիս, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի հետ:
«Մենք իհարկե, միանգամից մերժեցինք այդ անհասկանալի և հակասական հայտարարությունները: Այդ թվում նաև միջնորդները չէին կարող համաձայնել այդ դիրքորոշման հետ: Հետևելով մեր սկզբունքային դիրքորոշմանը՝մենք հավատարիմ ենք բանակցային գործընթացին: Այսօր բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
Բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել: Մենք հուսովե ենք, որ դրանք արդյունավետ կլինեն: Այդ պատճառով բանակցությունների անցկացումն, իհարկե, կարելի է որպես դրական փաստ գնահատել: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սկզբնական փուլում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարած սկզբունքները բացարձակապես անընդունելի են», - կարծում է նա: