Դա ԱԱԾ-ի խնդիր է. Սուրեն Պապիկյանը Լապշինի՝ hայ-թուրքական սահմանային գոտի մուտքի արգելքի մասին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել հայ-թուրքական սահմանից տեսնել Անին: Այս մասին բլոգերը Facebook-ում գրառում է կատարել.
«Հույս ունեի այցելել պատմական Անի քաղաք: Չեմ ուզում այդ մասին գրել, սակայն բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների պատճառով չտեսանք հնագույն հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Արդյունքում քաշքշուկը շարունակվեց մոտ 3 շաբաթ: Որպես բոնուս՝ տեսանք, թե ինչպես են ապրում սահմանամերձ գյուղերում. այդ մասին առանձին ռեպորտաժ կլինի:
Ընդհանուր առմամբ, անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է իր կարևորագույն զբոսաշրջային օբյեկտը: Խնդիրն այն է, որ խորհրդային ցանկապատը ձգվում է իրական սահմանից 3-4 կիլոմետր այն կողմ, և այնտեղ զորամաս է տեղակայված: Դրանից այն կողմ ոչ ոքի չեն թողնում, իսկ կարող էին զբոսաշրջիկներով հարյուրավոր ավտոբուսներ տանել՝ հնարավորություն տալով նաև գումար վաստակել տեղի բնակիչներին, ովքեր ծայրաստիճան աղքատության մեջ են ապրում: Բարեբախտաբար, հարևան Թուրքիայում չեն խոչընդոտում Անի այցին, այնտեղ կարող ես, որքան ցանկանում ես, զբոսնել, չնայած նրան, որ սահմանն անցնում է հնագույն վանքերից հաշված մետրեր հեռավորության վրա»:
Ինչո՞ւ զբոսաշրջիկներին չեն թույլատրում հայ-թուրքական սահմանի Շիրակի մարզի հատվածից տեսնել պատմական մայրաքաղաքը. հարցին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը.
«Համաձայն եմ, որ դա կարող է զբոսաշրջության զարգացման մեջ ներդրում ունենալ: Այս հարցը մեր գործընկեր գերատեսչությունների և սահմանապահների հետ քննարկման խնդիր է: Ազգային անվտանգության ծառայության խնդիր է: Ես այս հարցը կբարձրացնեմ, շահագրգիռ եմ, որ խնդիրը լուծվի»: