Լապշինը՝ պատմական Անի մայրաքաղաքը հայկական կողմից տեսնելու իր չհաջողված փորձի մասին
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այժմ գտնվում է Հայաստանում, Facebook-ի իր էջում պատմել է պատմական Անի մայրաքաղաքը հայկական կողմից տեսնելու իր չհաջողված փորձի մասին՝ նկատելով, որ Հայաստանը բաց է թողնում լուրջ զբոսաշրջային օբյեկտից օգտվելու իր հնարավորությունը:
«Չեմ ուզում այդ մասին գրել, բայց բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների հետևանքով (ինչպես հայտնի է՝ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը) մենք չտեսանք հինավուրց հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Քաշքշուկը շարունակվեց մոտ 3 շաբաթ: Որպես բոնուս՝ տեսանք, թե ինչով են ապրում սահմանամերձ գյուղերի բնակիչները, ինչի մասին կլինի առանձին ռեպորտաժ», - գրել է Լապշինը:
Բլոգերը նկատում է, որ անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է շատ կարևոր զբոսաշրջային օբյեկտ՝ բաց թողնելով հայկական կողմի դիտահարթակից 300 մետր հեռավորության վրա գտնվող սեփական հինավուրց մայրաքաղաքը երկիր ժամանած զբոսաշրջիկներին ցույց տալու հնարավորությունը:
«Խնդիրն այն է, որ հին խորհրդային ցանկապատը ձգվում է իրական սահմանից 3-4 կմ այն կողմ, և այնտեղ տեղակայված է զորամաս: Դրանից այն կողմ ոչ ոքի չեն թողնում: Իսկ կարող էին զբոսաշրջիկներով հարյուրավոր ավտոբուսներ տանել՝ հնարավորություն տալով նաև գումար վաստակել տեղի բնակիչներին, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ», - նկատել է Լապշինը: