Եթե անհրաժեշտություն լինի Սիրիայում մասնակցել ռազմական գործողությունների, Հայաստանը դա ևս կանի օրենքի տառին համապատասխան. Դավիթ Տոնոյան
Սիրիայում Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան, և եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, ապա դա ևս ՀՀ-ն կանի օրենքի տառին համապատասխան:
Այս մասին այսօր Կիպրոսի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ նշված է եղել, որ Սիրիայի դե ֆակտո իշխանություններից գրավոր խնդրանք կա։ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա նաև հայտնեց, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, ՀՀ-ն անպայման դա ևս կանի օրենքի տառին համապատասխան, միևնույն ժամանակ կաշխատեն համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ այդ հարցի որոշումը կայացնելու ժամանակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը՝ 83 անձ, ժամանել է Սիրիա: