Երևանում բացահայտվել է խոշոր չափի թմրաբիզնեսի դեպք. հայտնաբերվել է 25 հազար դոլար արժողության թմրամիջոց. (լուսանկարներ)
Երեկ՝ փետրվարի 11-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ հերթական խոշոր չափի թմրամիջոցի տարածման դեպքն են բացահայտել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչներըն օպերատիվ տեղեկություններն ստանալով՝ մի քանի օր դարանակալել են Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում, և երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքից նրան Mercedes մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Տեղում զննության ենթարկելով ավտոմեքենան՝ իրանցու մոտ հայտնաբերել են խոշոր չափի սպիտակ փոշու նմանվող թմրամիջոց, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել է։ Վերջին ժամանակներս ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում հանրապետությունում հայտնաբերել են մեծ թվով թմրամիջոցներ, որոնց մեջ ներգրավված են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։
Ոստիկաններն ու քննիչներն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ երեկ հայտնաբերված իրանցին միայնակ չի եղել ու, ինչպես ժողովուրդն է ասում, թե ում օրն է 40 օր, կարճ ժամանակում կհայտնաբերվեն նաև մնացած «մոլախոտերը», ովքեր հանրապետությունում զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, առք ու վաճառքով, ու բոլորը ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
Նշված փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Պողոսյանը։
Երեկվա հայտնաբերված թմրամիջոցը միջազգային շուկայում գնահատվում է մոտ 25 հազար ԱՄՆ դոլար, որի 1 գրամը վաճառվում է 200 ԱՄՆ դոլարով։ Կասկածյալ իրանցին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։