Իսպանիայում ավազի վրա նկարելու համար զբոսաշրջիկները կարող են հայտնվել բանտում
Իսպանական Գրան-Կամարիա զբոսաշրջային վայրում զբոսաշրջիկները կարող են հսկայական տուգանքներ վճարել և նույնիսկ բանտում հայտնվել ավազին նկարելու կամ ափին քարերով ինչ-որ պատկերներ ստեղծելու համար: Այս մասին գրում է The Sun պարբերականը:
Խնդիրն այն է, որ բնապահպանները խիստ մտահոգված են տեղի՝ Մասպալոմաս ավազաբլուրների էկոլոգիական հարցերով: Դրանք զբաղեցնում են 400 հա տարածք և համարվում են կղզու տեսարժան վայրերից մեկը: Մասնագետներն ասում են, որ զբոսաշրջիկները մշտապես ավազների վրա սիրային գրություններ են թողնում, իսկ հրաբխային քարերից սրտիկներ են սարքում: Բացի դրանից, զբոսաշրջիկները ժայռերին գրաֆիտի են անում` այդպիսով մեծ վնաս հասցնելով բնության իրական գեղեցկությանը:
Վերը նշված բոլոր գործողությունների համար այսուհետ սահմանվում է 600 եվրո տուգանք կամ նույնիսկ բանտարկություն, բացի դրանից, օրենքը խախտողները ստիպված կլինեն վճարել նաև վերականգման աշխատանքների համար: