Հիտլերի՝ աճուրդի հանված կտավների համար գնորդ չի գտնվել (լուսանկարներ)
Գերմանական Weidler աճուրդի տանը չի հաջողվել Նյուրնբերգ քաղաքում վաճառել ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի՝ աճուրդի հանված հինգ կտավը, քանի որ գնորդների շրջանում առանձնակի հետաքրքրություն չի եղել:
Ինչպես նշում է BBC-ն, կտավներից բացի աճուրդի էին հանվել ֆյուրերի անձնական իրերը, այդ թվում՝ սվաստիկայի նշանով ծղոտե աթոռն ու մի ծաղկաման:
Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահները նախորդ շաբաթ առգրավել էին նմուշների մի մասը, ինչից հետո հետաքննություն է սկսվել՝ պարզելու դրա իսկությունը: Լուրջ կասկածներ կան առ այն, որ կտավներն ու մյուս նմուշները կեղծ են:
Հիտլերը, որը երկու անգամ դիմել է, սակայն չի ընդունվել Վիեննայի Բարձր արվեստների ակադեմիա, երիտասարդ տարիքում նկարչությամբ է զբաղվել և վաճառել է իր կտավները: Սակայն, ոլորտի փորձագետների կարծիքով, նա առանձնակի տաղանդ չի ունեցել, իսկ նրա աշխատանքներն էլ ցածրորակ են գնահատվել: Այնուհանդերձ, դա չի խանգարել աճուրդի տներին տարիների ընթացքում հարյուր հազարավոր եվրոների եկամուտ ստանալ նացիստական առաջնորդի կտավների վաճառքից:
Գերմանիայում օրենքով արգելված է նացիստական խորհրդանիշների հանրային ցուցադրությունը. բացառություններ են արվում միայն կրթական կամ պատմական համատեքստում:
Բացի այդ, Հիտլերին առնչվող իրերի աճուրդները միշտ էլ հրապարակավ քննադատվում են հանրության լայն շերտերի կողմից: