Էրդողանը «ավազակախումբ» է անվանել երկրի ընդդիմությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ավազակախումբ» է անվանել երկրի ընդդիմությանը՝ մեղադրելով նրանց ահաբեկիչների հետ համագործակցության համար, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, Ժողովրդադեմոկրատական, ինչպես նաև «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, ըստ Էրդողանի, գործում են միասին և նման են «քառյակ ավազակախմբի»:
Թուրքիայի նախագահին նաև բարկացրել են ընդդիմության՝ երկրում մրգի և բանջարեղենի օր օրի աճող գների հետ կապված քննադատությունները:
«Փաթաթվել են լոլիկին ու բիբարին: Աղոթք են անում, որ ճգնաժամ սկսվի, երկիրը կործանվի: Հիմա ես այստեղից դիմում եմ լոլիկ, կարտոֆիլ, սմբուկ ու բիբար վաճառողներին. մեկ փամփուշտն ի՞նչ արժե, դուք գիտե՞ք»,- ասել է Էրդողանը՝ գների բարձրացումը կապելով թուրքական ԶՈւ-ի իրականացրած ռազմական գործողությունների հետ:
Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունները համաձայնել են համագործակցել Թուրքիայի 20 նահանգում՝ ներկայացնելով միասնական թեկնածուներ այդ տարածքներում: