Ֆուտբոլի 36 խաղադաշտ միասին վերցրած. Գերմանիան կառուցել է հետախուզության՝ աշխարհում խոշորագույն գլխամասը
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն այսուհետ ունի նոր գլխամաս, որը կառուցելու համար պահանջվել է 12 տարի և ծախսվել 1 մլրդ եվրո:
Ինչպես նշում է The Guardian-ը, այն աշխարհում հետախուզական ծառայության ամենամեծ գլխամասն է, որի զբաղեցրած տարածքը հավասար է ֆուտբոլի 36 խաղադաշտի ընդհանուր մակերեսին:
Շինությունը գտնվում է նախկին Բեռլինյան պատից ոչ հեռու: Այն երկրի ամենագաղտնի ու հույժ վերահսկվող վայրերից է, որտեղ արգելված է բջջային հեռախոսների, անձնական լեփթոփների անցկացումը, անձնական փոստի ստուգումը, սոցկայքեր մտնելը:
Գերմանիայի հետախուզական ծառայությունն ունի 4000 աշխատակից, որից մոտ 3200-ն են առայժմ տեղափոխվել գլխամաս: Մինչդեռ երկրի ներսում ու ամբողջ աշխարհում գերմանական հետախուզության ծառայողների թիվը հասնում է 6500-ի:
Գլխամասի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 8-ին:
Երկրի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում ուժեղ ու արդյունավետ արտաքին հետախուզական ծառայություն ունենալն առավել քան երբևէ կարևոր է: