Հայկական հումանիտար առաքելությունը Սիրիա ուղարկելը 3 հարց է լուծում․ արաբագետ
Հայկական հումանիտար ականազերծման ու բժշկական առաքելությունը Սիրիա ուղարկելը Հայաստանի համար կարևոր է մի քանի գործոններով պայմանավորված։ Դրանք այսօր ներկայացրեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Այդ գործոններն են․
Հայաստան-Սիրիա բարեկամական կապեր, ավելի գլոբալ՝ հայ ու սիրիացի ժողովուրդների բարեկամական կապերը,
Հայաստանի Հանրապետություն – սիրիահայ համայնք կապերը,
Հայաստանի Հանրապետության միջազգային դերակատարումը։
Սա, ըստ արաբագետի, Հայաստանի դրական չեզոքության մոտեցման որակական նոր փուլ է։ Չնայած այդ չեզոքությանը, արաբագետը հիշեցնում է, որ հայկական կողմը կապերը հիմնականում պահում էր սիրիական կառավարության հետ, քանի որ հենց կառավարության վերահսկողության տակ եղած շրջաններում է ապրում տեղի հայ համայնքը։
Չունենալով զգալի ռեսուրսներ, Հայաստանը միևնույն է միջազգային անվտանգության մեջ սեփական ներդրումն է ունենում այս հարցով, և ըստ արաբագետի, դա նկատվելու է դերակատարների կողմից։
«Եթե ես փորձեմ նաև հնարավոր խնդիրներ մատնանշել, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, գոնե ինձ համար՝ որպես փորձագետի, ամենառիսկային իրավիճակը կապված է մեր մասնագետների անվտանգության հետ, քանի որ ի վերջո հակամարտությունը վերջնականապես դեռ չի հանգուցալուծվել Սիրիայի տարածքում, դեռևս կա ահաբեկչական որոշակի վտանգ։ Անշուշտ այս վտանգը կա»,- ասում է արաբագետն ու բացատրում՝ ինչ է արվել այդ սպառնալիքները նվազեցնելու համար։
Նա հիշեցնում է, որ առաքելության գործուղման վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ 6 ամիս առաջ, ու ենթադրում է, որ այս ամիսների ընթացքում հայկական կողմը ձեռնարկել է անվտանգության երաշխիքների ձեռքբերման քայլեր։ Պետրոսյանը նաև հիշեցնում է, որ այն շրջանը, որտեղ գործելու է հայկական առաքելությունը, բավական անվտանգ շրջան է։
Նրա խոսքով՝ 2016-2017 թվականներից, երբ սիրիական իշխանությունները հայտարարեցին Հալեպի վերջնական ազատագրման մասին, այնտեղ իրականացվել են անվտանգության ապահովման գործողություններ ու վերականգնվել են ենթակառուցվածքներ։