Հայտնի է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպման օրն ու վայրը
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջանորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Այդ մասին Թրամփը տեղեկացրել է Twitter-ում, հայտնում է ТАСС-ը:
«Իմ ներկայացուցիչները հենց նոր են հեռացել Հյուսիսային Կորեայից` շատ արդյունավետ հանդիպում անցկացնելուց և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մեր երկրորդ հանդիպման օրն ու վայրը համաձայնեցնելուց հետո: Այն տեղի կունենա փետրվարի 27-ին և 28-ին` Հանոյում, Վիետնամ»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Դոնալ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին` Սինգապուրում: Հրապարակային ձեռքսեղմումից հետո երկու պետությունների ղեկավարները` թարգմանիչների ներկայությամբ, 38 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել: