Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, մահացածների մեծ մասը մեկ ընտանիքի անդամներ են (տեսանյութ)
Ստամբուլի Քարթալ շրջանում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին:
Նշվում է, որ նախօրեին փրկարարները շենքի փլատակների տակից դուրս են բերել ևս 8 մարդու դի, չի բացառվում, որ զոհերի թիվը կաճի: Միևնույն ժամանակ տուժած քաղաքացիների թիվը հասել է 13-ի: Տուժածների թվում են 6 և 13 տարեկան երկու երեխա:
Հայտնի է նաև, որ զոհերից 8-ը նույն ընտանիքից են, զոհերից միայն մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ:
Շենքում 12 ընտանիք է բնակվելիս եղել (43 մարդ), շենքում ընդհանուր առմամբ կար 24 բնակարան:
Հատկանշական է, որ շենքի փլուզման պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1992 թվականին կառուցված շենքը վթարային չէր:
Դեպքի առնչությամբ տարվող հետաքննության լուսաբանումն արգելված է լրագրողների համար: