Ուկրաինական խոշոր առևտրային ցանցը ներողություն է խնդրել ՀՀ դեսպանից ադրբեջանական դրոշի համար
Կիևում գտնվող Ашан Украина խոշորագույն առևտրային ցանցը պաշտոնապես ներողություն է խնդրել Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանից:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, ներողություն խնդրելու պատճառը հիպերմարկետների ցանցի ցուցափեղկերում հայկական ապրանքներն ադրբեջանական դրոշի ներքո ներկայացնելն է եղել, ինչի մասին համայնքի ներկայացուցիչները տեղեկացրել էին «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամին:
Հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնադրամի նախագահ Հայկ Ավագյանն այցելել է Կիևում գտնվող մի քանի սուպերմարկետներ և համոզվել տեղեկության հավաստիության մեջ: Նա լուսանկարել է հայկական դրոշով դարակները, որոնք գրեթե դատարկ են եղել: Մինչդեռ ադրբեջանական դրոշի ներքո դարակները լի են եղել Հայաստանում արտադրվող ապրանքներով:
Հիմնադրամն իրավիճակը կարգավորելու համար դիմել է ՀՀ դեսպանություն, ինչպես նաև պաշտոնական նամակ է գրել խանութների ցանցին, ինչից հետո ցանցի ղեկավարությունը կարգավորել է սուպերմարկետներում տիրող խառնաշփոթը:
Ашан Украина ցանցից պատասխան նամակ են ուղղել «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամին և Հայաստանի դեսպանին՝ ներողություն խնդրելով և խոստանալով վերահսկողություն իրականացնել: