«Հայերը բազմաթիվ հարցեր դիտարկում են 1915թ. «դեպքերի» պրիզմայից». ՀՀ-ում հավատարմագրված ադրբեջանցի լրագրողը երևանյան այցի վերաբերյալ առաջին հոդվածն է հրապարակել
Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիևը, որը ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրվել է այստեղ լրագրողական գործունեություն ծավալելու համար, Հայաստան կատարած այցից հետո իր առաջին նյութն է հրապարակել, հայտնում է contact.az-ը:
Հաջիևը նկատել է, որ երևանյան այցը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում. երկու կողմերից էլ հնչել են ամենատարբեր կարծիքներն ու վարկածները:
«Լրագրողական այցով Հայաստան մեկնելու գաղափարն առաջացել էր վաղուց՝ մեկ տարի առաջ: Մի քանի ամիս հարցը քննարկվում էր Ադրբեջանի պետական մարմինների հետ: Նույնքան էլ տևել են ՀՀ ԱԳՆ-ի հետ բանակցությունները: Այցը պետք է կայանար նախորդ տարվա նոյեմբերին, սակայն ՀՀ խորհրդարանական ընտրությունների պատճառով հետաձգվել է: Այն հարցին, թե ինչի համար է այս ամենը, կա միաժամանակ պարզ և բարդ պատասխան՝ պետք չէ բացատրել, թե որքան կարևոր է հասկանալ այն երկրի հասարակության տրամադրությունը, որի հետ մենք գտնվում ենք ռազմական հակամարտության մեջ: Դա էլ հենց հիմնական նպատակն է»,-մանրամասնել է Հաջիևը:
Լրագրողը նշում է, որ Հայաստանի ու հայերի համար կան որոշիչ նշանակություն ունեցող մի շարք հարցեր, ինչպես նա է նշում՝ 1915թ. «դեպքերը», հայկական եկեղեցու քաղաքական դերն ու Ղարաբաղը:
«Հենց այս երեք հարցն էլ եղել են ուշադրության կենտրոնում»,-շարունակել է նա:
Ադրբեջանցի լրագրողը մասնավորապես անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կատարած այցին, որին բավական ագրեսիվ են արձագանքել Բաքվում:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցի մասով Հաջիևը գրել է, որ ինքը դիմել է կառույցի տնօրեն Հարություն Մարությանին այս թեմայի վերաբերյալ հարցազրույց վերցնելու առաջարկով, սակայն մերժում է ստացել:
Փոխարենը Հաջիևին հրավիրել են այցելել թանգարան-ինստիտուտ՝ խոստանալով, որ աշխատակիցները կպատասխանեն բոլոր հարցերին:
Սակայն, ադրբեջանցի լրագրողի պնդմամբ, իր այցի ընթացքում թանգարան-ինստիտուտի գիդը հայտնել է, որ կարող է միայն ցուցանմուշները ներկայացնել և որ հարցերին պատասխանելու լիազորություն չունի:
Այցի արդյունքում Հաջիևը եկել է այն եզրահանգման, որ ցեղասպանության թեման հայ ժողովրդին կապող գլխավոր տարրն է:
«Հայերը բազմաթիվ հարցեր դիտարկում են հենց այս պրիզմայից, ու իրենց գործողություններից շատերը բացատրում են այդ «դեպքերի» հետևանքներով կամ էլ դրանց կրկնության սպառնալիքով»,-նշում է լրագրողը:
Ավելի մանրակրկիտ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Հաջիևը փորձում է սեփական վերլուծությունը ներկայացնել:
Ադրբեջանցու կարծիքով՝ այս հարցի շրջանակում պետք է դիտարկել նաև այն, թե «արդյոք հայերն իրենց նկատմամբ բռնաճնշումների համար ինչ-որ առիթ են տվել, ինչու են հայ զինծառայողները զենքն ուղղել ընդդեմ իրենց կառավարության ու սկսել օգնել ռուսական օկուպացիոն ուժերին»: