Ադրբեջանում երկրաշարժի պատճառով ճանապարհներին մինչև 3 սմ լայնությամբ ճաքեր են առաջացել
Ադրբեջանի Շամախի և Իսմայիլիի շրջաններում օրերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավտոճանապարհների որոշ հատվածներում ճաքեր են առաջացել, գրում է minval.az-ը:
Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության մամուլի քարտուղար Անար Նաջաֆլիի խոսքով՝ Բաքու-Շամախ-Եվլախ ավտոճանապարհի 115-120-րդ կիլոմետրում 1-3 սմ լայնությամբ ճաքեր են առաջացել, իսկ երկու այլ ավտոճանապարհների սողանքներ ու ճաքեր են նկատվել:
Գործակալության աշխատակիցները գնահատում են հասցված վնասը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Շամախի շրջանում գրանցված երկրաշարժի հետևանքով 3 մարդ էր տուժել:
Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիային կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի փոխանցմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 6 բալ, իսկ հարակից շրջաններում՝ 5,3: