Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշումից հետո թուրք ազգայնականներն առաջարկում են արտաքսել երկրից ՀՀ քաղաքացիներին
Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթիջին, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը, հայտարարել է, որ Թուրքիան պետք է արտաքսի երկրում գտնվող Հայաստանի քաղաքացի ներգաղթյալներին:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, ազգայնական կուսակցության ղեկավարը պնդել է, որ Թուրքիայում 100 000 հայաստանցի անօրինական ներգաղթյալ կա, որոնց պետք է անհապաղ արտաքսել: Ըստ նրա՝ ոչ մի որոշում չի կարող ստիպել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Մակրոնը չէ՝ ամբողջ աշխարհն էլ միանա՝ չեն կարող դա մեզ ընդունել տալ», - հայտարարել է Դեսթիջին:
Թուրք քաղաքական գործիչը Ֆրանսիային մեղադրել է «ցեղասպան անցյալ ունենալու, Ալժիրում ու Ռուանդայում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դառնալու համար»:
«Դու ո՞վ ես: Դու նախ պատասխան տուր ձեր արած ցեղասպանությունների համար: Ալժիրում 2 մլն մահմեդականի մահվան պատճառ դարձաք: Դուք Ռուանդայում հեղաշրջմանն աջակցեցիք, 800 000 անմեղ մարդ կյանքը կորցրեց: Դու նախ այս ամենի պատասխանը տուր: Դու ո՞վ ես, որ այս ժողովրդին հայերի ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրես»,- ասել է Դեսթիջին:
Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել է դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Իր որոշման հաստատման մասին Մակրոնը հայտնել էր օրերս Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ: