Կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ. Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար
ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական
համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում։
Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան
Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ
հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։
Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։ Համաձայնություն է ձեռքբերվել ապրիլ ամսին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։
«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում կմասնակցի նաև
Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի
աշխատանքներին։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների
կենտրոնական խորհրդի անդամ է: