ՀՀ-ում Իտալիայի դեսպանը մեկնաբանել է Բաքվի կողմից ժամանակակից իտալական սպառազինության հնարավոր գնումը
Իտալիան երբեք չի խախտել եվրոպական կոնվենցիաները եւ չի նպաստի ռազմական լարվածության ստեղծմանը՝ լինի Ադրբեջանում, Հայաստանում, թե որեւէ այլ երկրում: Փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:
Նրա խոսքով՝ Իտալիան ցանկանում է ապրել այնպիսի հասարակությունում, որտեղ միայն խաղաղություն է իշխում: «Եթե անգամ դա բազմազգ հանրույթ է»,- պարզաբանեց դեսպանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ադրբեջանը հետաքրքրություն է դրսեւորել իտալական սպառազինության նկատմամբ եւ դեմ չէ իտալական արտադրության ժամանակակից ՆԱՏՕ-ական սպառազինության որոշ տեսակներ «մթերելուն»:
Ադրբեջանը Իտալիայից ձեռք է բերել M-346 10 ուսումնամարտական օդանավեր եւ պատվիրել է եւս 15 մեքենա: Իտալիայի ՌՕՈՒ սպառազինության մեջ արդեն նման 18 օդանավ կա, Սինգապուրի՝ 12, Իսրայելի՝ 30, Լեհաստանի՝ 8: Այս օդանավերն արտադրող «Leonardo Aircraft» ընկերության հաճախորդների թվում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որն առաջին անգամ իտալական արտադրության օդանավերը ցուցադրել էր 2017 թվականի մայիսին: Սակայն այդ ժամանակ Ադրբեջանի ՌՕՈՒ սպառազինության մեջ ընդունած այս օդանավերի քանակության մասին տեղեկությունները չէին հրապարակվել: