Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Էմանուել Մակրոնին
Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայկական դուդուկ է նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Nouvelles d’Arménie պարբերականի ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հրավիրվել էր Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնն այդտեղ հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:
Մակրոնի խոսքերով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից հետո օրենքով այդպիսին է ճանաչվել դեռ 2001 թվականին»:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մաս է, ապա զոհերի հիշատակը պետք է հարգվի մեր հանրապետությունում:
Ձեզ հետ ես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը»,- ասել է է Մակրոնը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետը, բայց Էրդողանը ողջ թուրք ժողովուրդը չէ։
Ֆրանսիայի նախագահը խոստացել է Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրել այս խնդրի շուրջ։