Թուրքիան սիրիական Աֆրինից թալանած ձիթապտուղներն արտահանում է Իսպանիա. շվեյցարացի պատգամավոր
Շվեյցարիայի խորհրդարանի «Պահպանողական ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր Բերնհարդ Գուլը հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպա է արտահանում Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգից ձեռք բերված ձիթապտուղները՝ մակնանշելով դրանք որպես Թուրքիայում արտադրված ապրանք:
Ինչպես գրում է Euronews-ի թուրքական ծառայությունը, քաղաքական գործիչը նկատել է, որ թուրքական ԶՈւ-ի կողմից օկուպացված սիրիական Աֆրինում ձիթապտղի այգիների բերքը թալանվում է տեղի բնակիչներից ու արտահանվում այլ երկրներ՝ եկամուտ բերելով Թուրքիային:
Ըստ Գուլի՝ աֆրինական ձիթապտուղը վաճառվում է Իսպանիայում:
«Թուրքիայի օկուպացիայի տակ գտնվող Աֆրինում ձիթապտղի այգիները թալանվում են թուրքական ուժերի ու Անկարայի կողմից աջակցություն ստացող զինյալների կողմից»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքական ԶՈւ-ն Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին: