Քարահունջի շուրջ խնդիրը պետք է ներկայացվի վարչապետին
Հարկավոր է Քարահունջի հարցով փաստաթուղթ ստեղծել եւ վարչապետին ուղարկել: Փետրվարի 5-ին «Քարահունջի» շուրջ խնդրի հարցով քննարկմանն այս մասին ասաց Հանրային խորհրդի Գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը:
Նրա խոսքով՝ Քարահունջի խնդրի հետ կապված բոլոր առաջարկները փորձագիտական եւ իրավական ձեւակերպման կարիք ունեն:
Քննարկման ժամանակ նշվեց, որ Քարահունջը մշակութային անձնագիր է միջազգային հանրության աչքում եւ Քարահունջի շուրջ կատարվող բոլոր իրադարձությունները լուրջ ուշադրության կարիք ունեն՝ ինչպես իրավական, այնպես էլ հասարակական կարեւորության տեսանկյունից:
Անկախ փորձագետ Վազգեն Գեւորգյանը նշեց, որ բազմաթիվ հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ Քարահունջը հնագույն աստղադիտարան է եւ այս փաստը հաստատել են շատ միջազգային փորձագետներ:
«Այս տեսանկյունից Քարահունջը ընդամենը որպես գերեզման ներկայացնելու Աշոտ Փիլիպոսյանի փորձն անհիմն է»,- ասաց նա: Բացի այդ, նշվեց, որ պեղումների անցկացման հետ կապված բոլոր հարցերը պետք է նորմատիվային կարգավորում ունենան եւ պետական մարմինների վերահսկողության տակ լինեն: