«Միայն լավ լուրեր է ցանկանում». ԱՄՆ-ի հետախուզության համար բարդ է Թրամփի հետ աշխատել
Հետախուզական գործակալությունների ղեկավարները ստիպված են լինում դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցանկանում է իր մասին միայն լավ լուրեր լսել: Los Angeles Times-ի սյունակում այս մասին գրում է ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդի նախկին նախագահ Գրեգորի Տրեվենտոնը:
«ԱՄՆ-ի հետախուզական հանրությունում տասնամյակներ աշխատելով՝ ես շատ լավ գիտեմ, թե որքան նախագահները չեն սիրում վատ նորություններ», — գրում է Տրեվենտոնը:
Անցյալ շաբաթ Կոնգրեսում ելույթի ժամանակ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը, ԿՀՎ տնօրեն Ջինա Հասփելը եւ նրանց գործընկերները ներկայացրել էին աշխարհում սպառնալիքների ամենամյա գնահատականը:
Սենատի հետախուզական կոմիտեում զեկույցը ներկայացնելիս՝ Քոութսը եւ Հասփելը ընդգծել էին ՌԴ-ի եւ Չինաստանի կողմից ավելացող սպառնալիքը: Նրանք նաեւ եկել էին այն եզրակացության, որ Հյուսիսային Կորեան դժվար թե հրաժարվի իր միջուկային զինանոցից: Այս պնդումները հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու արտաքին քաղաքական նախաձեռնություններին, ընդգծում է հեղինակը:
Դրանից հետո Թրամփը թվիթերում արձագաքնել էր նրանց ելույթին՝ նշելով, որ նրանց տեսլականը ճիշտ չէ: Տրեվենտոնը նշում է, որ այս դրվագը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը չի հասկանում ազգային հետախուզության հիմքերը, հետեւաբար կարող է վտանգավոր ճգնաժամի հետ բախվել: Այս հարցում Թրամփի անտեղյակությունը խորը անհանգստություն է առաջացնում: Սա իր հերթին, ըստ նրա, կարող է քաջալերել ԱՄՆ-ի հակառակորդներին եւ շփոթեցնել դաշնակիցներին, գրում է Gazeta-ն: