Թուրքիայում նույնիսկ ոստիկաններն են հայերի գանձերը փնտրում. նրանք ձերբակալվել են
Դիարբեքիրում անօրինական կերպով պեղումներ կատարելու մեղադրանքով 8 հոգի են ձերբակալվել, որոնցից 4-ը ոստիկաններ են:
Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը,Դիարբեքիրի անվտանգության տնօրինության Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքը ծանուցում է ստացել, թե անօրինական պեղումներ են արվում: Կատարված հետաքննության արդյունքում ձերբակալվել են Սիլվանի նահանգային անվտանգության տնօրեն Օմեր Օզթյուրքը, քննիչի օգնականներ Բեքիր Բ.-ն և Սերքան Ջ.ն, ինչպես նաև ոստիկաններ Ալի Փ.-ն ու Աբդյուլմյուդալիփ Գ.-ն:
Սույն ոստիկանների հետ են եղել ևս 4 հոգի: 8 հոգանոց խումբը հազիվ էր 1 մ խորությամբ փոս փորել, երբ նրանց հետևած ոստիկանները հանցանքի վայրում ձերբակալել են նրանց:
Կասկածյալները Դիարբեքիրի անվտանգության տնօրինության Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքում հարցաքննվելուց հետո ուղարկվել են Արդարադատության վարչություն: Կասկածյալները կեղծ ցուցմունք են տվել, թե իբր որոնել են ՊԿԿ-ի անդամների թաղած ոսկիներն ու դրամները: Սակայն հետաքննությունը պարզել է, որ իրականում նրանց նպատակն է եղել գտնել հայերից մնացած գանձերը:
8 հոգանոց խմբի բոլոր անդամները կալանավորվել են ու բանտարկվել: Պարզվել է, որ գանձ գտնելու գործում ընդգրկված է եղել նաև հանցագործներից մեկի մայրը, ով որդուն հեռախոսով խորհուրդներ տալով` փորձել է ուղղորդել նրան: