Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյի շրջանի համայնքապետարանը միաձայն որոշում է կայացրել տեղի «Մաբեթ» փողոցը կրկին վերանվանել Դադյան հայկական տոհմի անունով
Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ շրջանի փողոցներից մեկը կրկին կկրի Օսմանյան կայսրության նշանավոր հայկական տոհմերից Դադյանների անունը, այս մասին տեղեկացնում է թուրքական haberler.com կայքը:
Նշենք, որ նախկինում Դադյանների անունը կրող փողոցը այս տարվա հունվարի սկզբին հանկարծակի կերպով անվանափոխվել էր՝ ստանալով «Մաբեթ» անունը:
Աղբյուրը նշում է, որ Բաքըրքյոյի համայնքապետարանը՝ արձագանքելով տեղի բնակչության պահանջին, միաձայն որոշում է կայացրել վերադարձնել փողոցին հին անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 5-ից:
Նշենք, որ նույն փողոցում գտնվում է Ստամբուլի հայկական դպրոցներից մեկը, որը կրկին կրում է Դադյան անունը, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին: Տեղական ինքնակառավարման մարմինները դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չեն կատարել փողոցի անվանափոխման հետ կապված:
19-20-րդ դարերում պոլսահայ հասարակության մեջ ակտիվ դեր խաղացած Դադյանները, ըստ ավանդության, սերում են Արծրունիների թագավորական տոհմից:
Հայտնի է, որ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է հենց Դադյանների ստամբուլյան առանձնատներից մեկում: