ԱՄՆ-ում երեխան պատահմամբ կրակել է հղի մոր դեմքին
Սիեթլում քառամյա տղան, տանը լիցքավորված ատրճանակ գտնելով, կրակել է հղի մոր դեմքին, կինը ողջ է մնացել, բայց ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական Seattle Times պարբերականին։
Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, տեղի ժամանակով երեկոյան մոտավորապես ժամը 5-ին։ Երկու ծնողներն էլ տանն են եղել երեխայի հետ։ Տղան գտել է լիցքավորված ատրճանակը մահճակալի տակ եւ կրակել մոր վրա, երեխայի հայրը այդ պահին մոր կողքին էր։
«Ատրճանակը հավուր պատշաճի թաքցված չէր, այն պարզապես մահճակալի տակ էր եւ լիցքավորված էր»,- ոստիկանության ներկայացուցիչ Ռայան Էբոթի խոսքերը մեջբերում է պարբերականը։
Մորը հասցրել են Հարբորվյուի հիվանդանոց՝ կյանքի համար վտանգավոր վնասվածքներով։ Հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով՝ նրա վիճակն ավելի ուշ բարելավվել է՝ հասնելով բավարարի, ինչից հետո կնոջը տեղափոխել են այլ հիվանդանոց։