Հոկտեմբերին կայանալիք «Ավրորա» ֆորումում գիտակրթական ու մշակութային հեղափոխական մտքեր կքննարկվեն
2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ:
Միջոցառումների յոթօրյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մարտահրավերներից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում:
Ընդգրկուն ծրագիրը կներառի «Ավրորա» մրցանակի շնորհման չորրորդ հանդիսավոր արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում և բաց դասախոսություններ՝ ի նշանավորումն UWC Դիլիջան միջազգային քոլեջի հնգամյակի, ինչպես նաև մի շարք կլոր սեղան-քննարկումներ և մշակութային միջոցառումներ: Շաբաթը կեզրափակվի Երևանում կայանալիք մեծ համերգով:
«Ավրորա» ֆորումն ունի միջազգային առաջընթացը և տեղական զարգացումները կամրջելու ներուժ՝ չափելի ազդեցությամբ: Բայց այդ ներուժը կարող է իրացվել միայն, եթե Ֆորումին միանան համաշխարհային փոփոխություն բերող մարդիկ, որոնք իրենց կատարած գործով են կիսում «Ավրորայի» տեսլականը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:
2019 թվականին «Ավրորա» ֆորումի միջոցառումները կտարածվեն ողջ Հայաստանով: