Էրդողանը կոչ է արել Թրամփին կատարել Սիրիայից զորքերը դուրս բերելու խոստումը
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում կկատարի Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ իր խոստումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով TRT հեռուստաալիքի եթերում Էրդողանի հայտարարությանը:
«Պարոն Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատի արեւելքից: Հույս ունենք, որ այդ խոսոտւմն առաջիկայում կկատարվի: Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի ներքո և պատրաստ ենք դա չեզոքացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ անել»,-ասել է Էրդողանը:
Նա կրկին նշել է, որ Թուրքիան ներկայանում է Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնականության օգտին, և երկիրը
մասնատելու դեմ:
Ըստ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտին պետք է վերահսկվի Թուրքիայի կողմից: «Մենք կձեռնարկենք բոլոր միջոցառումներն այդ գոտում անվտանգությունն ապահովելու համար»,-հավելել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություններ սկսել Եփրատի արեւելյան մասում, ինչպես նաեւ սիրիական Մանբիջում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ը դուրս չբերեն նրանց այնտեղից: Այնուհետեւ նա հայտնել էր, որ որոշել է հետաձգել Սիրիայում ռազմական գործողությունները դեկտեմբերի 14-ին Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որին հաջորդել էր Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Ամերիկայի առաջնորդի որոշումը: