Ծանոթացե՛ք. երջանկահիշատակ Էդվարդ Բերնեյզ, ամերիկյան քարոզչական ոլորտի պապաներից մեկը
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ծանոթացե՛ք. երջանկահիշատակ Էդվարդ Բերնեյզ, ամերիկյան քարոզչական ոլորտի պապաներից մեկը։ 1920-ականներին ինքն է առաջարկել «պրոպագանդա» բառը փոխարինել «հանրության հետ կապեր» արտահայտությամբ, որովհետև «պրոպագանդա» բառն այն ժամանակ արդեն լրիվ վարկաբեկված էր։ Նա ասում էր, որ ցանկացած թերթում լրատվության մի զգալի մասն իրականում թաքնված գովազդ է։ Նա մասնագետ էր իր պատվիրատուների համար զանազան «հասարակական շարժումներ» ստեղծելու (օրինակ՝ կանանց ծխելու տաբուն հենց ինքն է կոտրել, ներկայացնելով ծխելը որպես «կնոջ ազատագրման խորհրդանիշ», իսկ ծխախոտի գլանակն անվանելով «ազատության ջահ»)։
Իր բոլոր ասածներն ու արածները շատ սիրուն բռնում են այն ամենի հետ, ինչ այսօր կատարվում է Հայաստանի տեղեկատվական դաշտում։ Վատն այն է, որ ամենօրյա նորություններից վատացող ազնիվ սրտացավ մարդկանց ուղղակի հնարավոր չէ բացատրել, թե ինչեր են իրենց գլխին բերում։ Հնարավոր չէ բացատրել, մինչև իրենք քարոզչության մասին ամիսներ չսովորեն, հետո էլ մի քանի տարի չեփվեն այդ ամենի մեջ։ Գրեթե ամեն օր քարոզարշավներ եմ տեսնում, որ մարդկանց նյարդերի ու հույզերի հետ խաղալով՝ ինչ-որ բիզնես կամ քաղաքական շահեր են առաջ տանում։ Մի կողմից սիրտս ցավում է, որ խաբվող մարդկանց նայում եմ, մյուս կողմից էլ հասկանում եմ, որ հնարավոր չէ «արագի մեջ» բացատրել, դեռ մի բան էլ «ազգի դավաճան» քեզ կհանեն...