Իսրայելը «խելացի պատ» է կառուցում Գազայի հատվածի հետ սահմանին
Իսրայելի Պաշտպանության բանակի ինժեներական ստորաբաժանումներն սկսել են վերգետնյա «խելացի պատի» կառուցումը Գազայի հատվածի հետ սահմանին, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով The Jerusalem Post-ին:
Հաղորդվում է, որ այդ հայտարարությունը հնչեցրել է երկրի վարչապետ Բինյամին Նետանյահուն:
«Արգելապատնեշը եզակի է եւ լիովին համապատասխանում է Գազայի հատվածի կողմից սպառնալիքները զսպելու համար. այն առավելագույն չափով կկանխարգելի ներխուժումն իսրայելական տարածք»,-թերթը մեջբերում է արգելապատերի կառուցման բանակային վարչության ղեկավար, բրիգադի գեներալ Էրան Օֆիրին:
Ներկայումս Գազայի հատվածն Իսրայելից առանձնացված է արգելապատով՝ զինված տեսախցիկներով, պահակային աշտարակներով եւ փշալարերով: 2016 թվականի սեպտեմբերին իսրայելական իշխանությունները ձեռնարկել էին Գազայի երկայնքով ստորգետնյա պատի կառուցումը, որպեսզի թույլ չտան մյուս կողմից թունելների կառուցումը: Շինարարության ավարտից հետո միասնական ստորգետնյա արգելապատնեշը կձգվի ամբողջ՝ շուրջ 70 կմ սահմանի երկայնքով. դրանց խորությունը մի քանի տասնյակ մետր է: Ստորգետնյա արգելապատնեշի կառուցումը դեռեւս ավարտված չէ: