Ֆրանսիան նոր վերջնագիր է ներկայացրել Վենեսուելայի գործող նախագահին
Ֆրանսիան Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոյին կճանաչի որպես երկրի օրինական նախագահ, եթե նոր ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն չարվի մինչև կիրակի երեկո: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ կից եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն:
«Մադուրոյի ընտրությունները կեղծ էին: Եթե նա մինչ այսօր երեկո նախագահական ընտրություններ կազմակերպելու պատասխանատվություն չստանձնի, պարոն Գուաիդոյին կճանաչենք Վենեսուելայի օրինական նախագահ», - ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել հունվարի 23-ին: Նրան աջակցություն են հայտնել ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան և մի շարք այլ հարավամերիկյան և եվրոպական երկրներ:
Նշենք, որ ավելի վաղ ԵՄ-ն հանդես էր եկել նման վերջնագրով՝ ութօրյա ժամկետում արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու պահանջով: