Արցախ այցելած կին կոնգրեսականը պաշտոնապես պայքարում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար
Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների անդամ Թուլսի Հաբբարդը (դեմոկրատ Հավայի նահանգից) շաբաթ հայտարարել է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրարշավին միանալու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով օրենսդրի թվիթերյան էջում ուղիղ միացմանը Հոնոլուլու (Հավայի) քաղաքից:
«Մենք պետք է հակազդենք գործող վարչակազմին, որը պնդում է, որ հավատում է «Նախեւառաջ Ամերիկան» կարգախոսին, սակայն վաճառում է մեր զինվորներին, մեր զենքն ու հետաքրքրություններն այն երկրին, որն ավելի շատ կվճարի»,-ասել է Հաբբարդը:
Նա ընդգծել է, որ մտադիր է հակազդել «երկու կուսակցությունների քաղաքական գործիչներին», որոնք «մտածում են, թե ինչպիսի նոր պատերազմներ սկսել եւ որտեղ պետք է մարդիկ զոհվեն»:
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ ելույթ էր ունենում պատերազմների դեմ ռեժիմները փոխելու նպատակով, սակայն այժմ նա կյանքի է կոչում իրեն շրջապատող նեոկոնսերվատորների ցանկությունները: Նա պատերազմների կոչ է անում ռեժիմները փոխելու նպատակով, որոնց դեմ նա, իբր, ելույթ էր ունեցել, այս անգամ Վենեսուելայում եւ Իրանում»,-ասել է նա:
«Յուրաքանչյուր դոլարը, որը մենք ծախսում ենք պատերազմների վրա ռեժիմները փոխելու նպատակով կամ նոր սառը պատերազմի, միջուկային սպառազինության մցրավազքի համար, մենք տրամադրում ենք մեր գրպանից»,-ընդգծել է օրենսդիրը: Նա նշել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ է ծախսել ԱՄՆ-ի բնակիչների ներկայիս հրատապ կարիքները բավարարելու համար:
37-ամյա Թուլսի Հաբբարդը հայտնի է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությանն ուղղված քննադատություններով: Նշենք, որ նա ներկայանում է հայերի ցեղասպանության ճանաչման կոչերով, ինչպես նաեւ 2017 թվականին Հայաստան եւ Արցախ այցելած կոնգրեսականների պատվիրակության անդամ էր:
Հաբբարդը զինվորական ծառայություն է անցել՝ համալրելով Ազգային գվարդիայի շարքերը որպես կամավոր: 2004-2006 թթ. նա ծառայել էր Իրաքում, ավելի ուշ՝ հատուկ նշանակության զորքերի թիմի ռազմական ոստիկանության դասակի հրամանատարն էր: Հաբբարդը ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի մայոր է: