Սունդուկյանի անվան թատրոնը երկրորդ բեմը կունենա
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում փետրվարի 15-ից գործելու է երկրորդ բեմը՝ «Սև տուփ» փոքր փորձարարական թատրոն։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ժամանակակից բեմը բացվում է թատրոնի կից մասնաշենքում, որն ամբողջովին հիմնանորոգվել է, սարքվել նոր սկզբունքով։
Նա նշեց, որ նոր բեմում կարող է իրականացվել ցանկացած հետաքրքիր առաջարկ։
«Չի կարելի, որ այս ծավալի թատրոնը սահմանափակվի մեկ մեծ բեմով։ Դա տանում է լճացման, իսկ փոքր բեմերը զարգացման երաշխիքն են, բերում են նոր գաղափարներ, նոր հեռանկարներ»,- ասաց Վ.Մկրտչյանը։
Նա նշեց, որ «Սև տուփի» առանձնահատկությունն այն է, որ բեմադրիչն է որոշում, թե քանի հանդիսական պետք է նստի։
«Մեր պոտենցիալով՝ 150-200 հոգի»,- ասաց թատրոնի տնօրենը։