«Մեզ համար պարզ է, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը». Մերկելը մտադիր է «փրկել» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված պայմանագիրը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ջանքեր գործադրել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի պահպանման համար, եթե ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարի պայմանագրից դուրս գալու մասին: Այդ մասին Մերկելը հայտարարել է Բեռլինում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես փոխանցում է գերմանական Welt պարբերականը, Մերկելը նշել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենք մտադիր են օգտագործել առաջիկա 6 ամիսը հետագա բանակցությունների համար:
«Եթե այսօր գործը հասնի նրան, որ ԱՄՆ-ն հայտարարի պայմանագրից դուրս գալու մասին, մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ օգտագործելու 6-ամսյա ժամկետը հետագա բանակցությունների համար», - ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ ինքն ու Գերմանիայի արտգործնախարարը կանեն հնարավոր ամեն բան այդ բանակցությունների կայացման համար:
«Մեզ համար պարզ է, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը: Նրանց հետ պետք է խոսել», - ընդգծել է Մերկելը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից, քանի որ Ռուսաստանը խախտում է այն: