Քաղաքին կանաչ տարածքներ են պետք. մշակութային գործիչները դրական են համարում սրճարաններն ապամոնտաժելու որոշումը
Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման խնդրին այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձան Ճարտարապետների պալատի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը և ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ Օպերայի հարակից հատվածը, Օղակաձև այգու հատվածը գերբեռնված են և շատ լավ է, որ այդ ապամոնտաժման աշխատանքները սկսվել են: «Ոչ մեկը չի ասում՝ քարացած միջավայր ստանանք, սակայն դա բալանսավորված պետք է լինի՝ գոյություն ունեցող նորմերի համաձայն: Ես կարծում եմ՝ Մեսչյանը և քաղաքապետարանը շատ ճիշտ որոշում են կայացրել»,-ասաց նա և նշեց, որ սեփականատերերը, ըստ պայմանագրի՝ գիտեին պայմանները:
«Օղակաձև զբոսայգում շատ սիրուն քանդակներ կան, բայց դրանք չեն երևում, չի կարելի նման բաներ թույլ տալ»,-ասաց Մկրտիչ Մինասյանը: Նա, անդրադառնալով սրճարաններ կառուցելու թույլտվություններ տալուն, նկատեց, որ այն ժամանակ քսան քառակուսի մետրանոց սրճարան կառուցելու համար էին թույլտվություն խնդրում՝ պայմանով, որ 120 քառակուսի մետրը պետք է կանաչապատեն, սակայն դա չի պահպանվել և ճիշտ հակառակ մոտեցումն է եղել:
«Ես կցանկանայի, որ իրենց նախնական վիճակին վերադառնային տարածքները, որ նախագծվել են, այսինքն՝ հեղինակային իրավունքը պահպանվեր, և այդ տարածքը լիներ միայն կանաչ գոտի»,-ասաց նա և նշեց, որ չի ցանկանում մեղավորներ գտնել այս հարցում:
Ինչ վերաբերում է աշխատատեղերի խնդրին, ապա Կարեն Աղամյանն ասաց, որ այդ աշխատատեղերը մեկ այլ տեղ պետք է բացվեն:
Տիգրան Արզումանյանը համաձայնեց, որ քաղաքը ապրող օրգանիզմ է, փոփոխությունների ենթակա է, սակայն միշտ բոլորը ահազանգել են, որ կանաչ տարածքները վերածվում են սրճարանների:
«Ես տեսնում եմ, որ մի տեսակ Երևանի կենտրոնը դարձել է տաք տուն»-ասաց նա և առաջարկեց, որ այդ սրճարանները լինեն ամռան սեզոնին՝ քանդվող հավաքվող կոնստրուկցիայով, քանի որ ներկայումս անթույլատրելի բաներ կան:
Նա բոլոր ոլորտներում կարևորեց չափի զգացումը: Անդրադառնալով Օղակաձև այգուն՝ Տիգրան Արզումանյանն այստեղ ևս բազում խնդիրներ նկատեց: «Մեր քաղաքին կանաչ տարածքներ են պակասում: Պետք էր նախագծողները պահանջեին, որ կանաչ տարածքները զբոսայգիներում պահպանվեին»,-ասաց նա:
Անդրադառնալով «Հին Երևան» նախագծին՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ի սկզբանե դեմ է եղել այդ նախագծին, դա բիզնես ծրագիր է: «Դա ոչ մի կապ չունի Հին Երևանի հետ, բայց դրանով աղավաղում ենք Թամանյանի գլխավոր հատակագիծը»,-ասաց նա և նշեց, որ հիմա արդեն ուշ է խոսել այդ մասին: