Նախատեսում ենք տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները. Ն. Փաշինյանը՝ Գերմանիայի տնտեսական համայնքի ներկայացուցիչներին
Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում և նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի և հստակ մանդատի կապակցությամբ, որը Ձեզ տվել է Հայաստանի ժողովուրդը: Մենք ողջունում ենք բարեփոխումների Ձեր ծրագիրը:
Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Այսօր ստորագրելու ենք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
Հայաստանը նաև շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և՛ Եվրոպական միությանը, և՛ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»:
Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար` վարչապետ Փաշինյանը կարևորել է գերմանական տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ներկայացրել Հայաստանի տնտեսական օրակարգը: «Մեր առաջիկա օրակարգի կարևոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետև քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել. նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել և տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ և թեթև արդյունաբերություն, գինեգործություն և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ներդրումներ իրականացնելու ցանկության դեպքում որևէ խոչընդոտ լինի, և չկա սեփականության վերաբաշխման որևէ օրինակ. քաղաքական փոփոխություններից հետո սրանք տնտեսական ամենակարևոր արձանագրումներն են: «Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված և պաշտպանված է: Մեր ուղերձը հետևյալն է` դուք ազատված եք բոլոր հնարավոր կոռուպցիոն պարտավորություններից, որ եղել են նախկինում: Բոլոր ներդրողների նկատմամբ ունենք նույն վերաբերմունքը և ասում ենք` եկեք Հայաստան, ներդրումներ արեք, հարստացեք և հարստացրեք», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Քննարկվել են տարբեր` այդ թվում նաև ՏՏ, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, աղբահանության, փոխադրումների բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:
Գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ վերջին շրջանում հաճախ այցելել են Հայաստան և կարող են արձանագրել` մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները դրական մթնոլորտ են ձևավորել Հայաստանի շուրջ. բարձրացել է ՀՀ ներդրումային գրավչությունը, մեծացել է օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծվող հնարավորությունների նկատմամբ:
Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել և գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի:
Հանդիպման ավարտին ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան և գերմանական բիզնես ասոցիացիաների միջև համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը: Հուշագրով նախատեսվում է խորացնել ՏՏ բնագավառում փոխգործակցությունը, սերտացնել ոլորտի ընկերությունների միջև կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր: Փաստաթղթի համաձայն` կողմերը կհամագործակցեն նաև Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում:
Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է: