Boeing կորպորացիան 101,1 մլրդ դոլար ռեկորդային հասույթ է արձանագրել
Boeing ամերիկյան օդատիեզերական կորպորացիայի հասույթն անցյալ տարվա արդյունքներով կազմել է ընկերության համար ռեկորդային 101,1 մլրդ դոլար: Այդ մասին ասված է հունվարի 30-ին հրապարակված նրա ֆինանսական հաշվետվության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր հասույթի աճը 2017 թվականի համեմատությամբ կազմել է 8 տոկոս: Կորպորացիայի զուտ շահույթն անցյալ տարվա ընթացքում կազմել է մոտավորապես 10,5 մլրդ դոլար՝ ավելանալով 24 տոկոսով: Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, Boeing-ի հասույթն առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարի ցուցանիշը: Անցյալ տարվա ավարտված չորրորդ եռամսյակը նույնպես շահութաբեր էր ընկերության համար: Հրապարակված տվյալների համաձայն, Boeing-ի հասույթն այդ ժամանակաշրջանում կազմել է 28,3 մլրդ դոլար (աճը՝ 14 տոկոս):
2018 թվականի վերջին երեք ամիսների արդյունքներով շահույթը կազմել է մոտավորապես 3,4 մլրդ դոլար (աճը՝ 3 տոկոս): Կորպորացիան նաեւ ներկայացրել է 2019 թվականի ֆինանսական կանխատեսումը, որի համաձայն, նրա ընդհանուր հասույթն այդ ժամանակաշրջանում կկազմի 110 մլրդ դոլար, իսկ մեկ բաժնետոմսի դիմաց շահույթը՝ մինչեւ 20,1 դոլար, ինչը գերազանցում է վերլուծաբանների սպասումները: Բացի այդ, Boeing-ը հաջորդ տարի առեւտրային ինքնաթիռների մատակարարման կանխատեսումն ավելացրել է մինչեւ մոտավորապես 905 մեքենա, նշվում է հաշվետվության մեջ:
Անցալ տարի ընկերությունը մատակարարել Է 806 առեւտրային ինքնաթիռ, ինչը նրա համար ռեկորդային է դարձել: Ներդրողները դրական են արձագանքել Boeing-ի ֆինանսական արդյունքներին: ԱՄՆ-ի բորսայի սակարկություններում կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը հաշվետվության հրապարակումից հետո ավելացել է 6,5 տոկոսով՝ մինչեւ 388,5 դոլար: Boeing-ը 1916 թվականին հիմնադրված ամերիկյան կորպորացիա է, որի կենտրոնակայանը գտնվում է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Այն ավիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկայի՝ աշխարհում խոշորագույն արտադրողներից մեկն է Նրա արտադրանքը մատակարարվում է ավելի քան 150 երկրների, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: