Ցանկանում ենք խորացնել մեր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ. Փաշինյան
Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը կարող է մեծապես նպաստել մեր ինստիտուտների զարգացմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում իր ելույթում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «CEPA- ն, ըստ էության, հանդիսանում է մեր երկրի զարգացման ռազմավարական ծրագիրը և կարող է դառնալ մեր բարեփոխման օրակարգի հիմնաքարերից մեկը:
Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք խորացնել մեր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: Գերմանիան ինքնին մեր հիմնական դոնորներից է և հիմնական առևտրային գործընկերներից: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը և այլն:
Մենք հավատարիմ ենք մեր կապերի ամրապնդմանը և տնտեսական համագործակցության նոր հեռանկարների ուսումնասիրությանը: Նոր ժողովրդավարական Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս առևտրի և ներդրումների համար: Ներկայումս ընթացող կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, մենք ունենք մի քանի այլ առավելություններ ևս:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք առ 180 միլիոնանոց շուկա և աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի անխափան և անխոչընդոտ գործողություն:
Միևնույն ժամանակ, մենք ունենք GSP+ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ, որն ինչպես նշեցի՝ շատ շուտով կլրացվի CEPA-յով: Սա մեր հիմնական համեմատական առավելություններից մեկն է. Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես Եվրամիության և Եվրասիական միության շուկաները կապող տնտեսական կամուրջ»: