Լիբանանի նոր կառավարությունը վերջապես ձևավորվեց. հայ համայնքը երկու աթոռ ունի
Ինը ամիս առանց կառավարության մնալուց հետո Լիբանանում քիչ առաջ կառավարություն է ձևավորվել:
Երեսուն անդամից բաղկացած նոր կառավարության կազմում լիբանանահայ համայնքն ունի օրենքով սահմանված երկու ներկայացուցիչ: Լիբանանի նոր կառավարության ձևավորման մասին Shantnews-ը տեղեկացավ Լիբանանի կառավարության մոտ կանգնած իր աղբյուրներից: Ինչպես նախատեսված էր, ՀՅԴ թեկնածու Ավետիս Կիտանյանը նշանակվեց Լիբանանի զբոսաշրջության նախարար, իսկ քրիստոնյա աջ ուղղություն ունեցող Լիբանանյան ուժեր կուսակցության թեկնածու Ռիչարդ Գույումջյանը՝ Սոցիալական հարցերի նախարար:
Հայտնի է, որ ինը ամիս շարունակ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մեծ ճիգեր էր գործադրում՝ կառավարություն կազմելու ուղղությամբ, բայց նրա ջանքերն ապարդյուն էին անցնում:
Քիչ առաջ Սաադ Հարիրին թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է լիբանանցիներին և ներողություն խնդրել նրանցից՝ տեղեկացնելով, որ կառավարության առաջին նիստը տեղի է ունենալու շաբաթ օրը: