Վաշինգտոնը հիասթափված է, որ Թուրքիան շարունակում է սատարել Մադուրոյին
ԱՄՆ-ը հետևում է Թուրքիայի և Վենեսուելայի միջև առևտրին և միջոցներ կձեռնարկի, եթե համարի, որ պատժամիջոցները խախտվել են՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյային։
Փետրվարի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Մարշալ Բիլինգսլին պետք է Անկարայում բանակցություններ վարի թուրքական կառավարության հետ։
Սկզբնապես այցը ծրագրվում էր Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները քննարկելու համար, քանի որ Իրանը գազ է արտահանում հարևան Թուրքիա, սակայն, հավանաբար, կներառվի նաև Վենեսուելայի հարցը՝ նշել է պաշտոնյան։ «Մենք ուսումնասիրում ենք թուրք-վենեսուելական կոմերցիոն գործունեության բնույթը, և եթե պատժամիջոցների խախտում տեսնենք, ակնհայտորեն միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։
Անցյալ տարի Վենեսուելան 900 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 23,63 տոննա ոսկի էր արտահանել Թուրքիա։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սատարեց վենեսուելացի իր գործընկեր Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սատարեց ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին՝ նրան ճանաչելով ժամանակավոր նախագահ։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքերով, Վաշինգտոնը հիասթափված է, որ Թուրքիան շարունակում է սատարել Մադուրոյին։