Իրանի հետ առևտրի համար INSTEX մեխանիզմի մեկնարկը ԵՄ-ի առաջին քայլն է․ Աբբաս Արակչի
Իրանի հետ առևտրի համար INSTEX ֆինանսական հատուկ մեխանիզմի մեկնարկն իրանական միջուկային համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները կատարելու ԵՄ-ի առաջին քայլն է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արակչին՝ հայտնում է Mehr-ը։
Արակչին ընդգծել է, որ INSTEX-ը ստեղծում է համակարգ այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են բիզնես վարել Իրանի հետ։
Նա նաև ընդգծել է, որ այս մեխանիզմը էլ ավելի շահավետ կլինի, եթե հասանելի լինի նաև ոչ եվրոպական երկրներին և ընկերություններին, ինչը ծրագրվում է իրականացնել հաջորդ փուլում։
Նրա խոսքերով, եվրոպացիներն այդ մեխամիզմը ստեղծել են այնպես, որ ընկերություններ , որոնք ցանկանում են Իրանի հետ բիզնես վարել, չենթարկվեն ԱՄՆ պատժամիջոցներին, քանի որ ԱՄՆ-ի կողմից ճնշումները պահպանվում են։
Ինչ վերաբերում է այն ենթադրություններին, թե մեխանիզմը նախատեսված է միայն սննդամթերքի, դեղորայքի և բժշկական սարքավորումների համար, Արակչին նշել է, որ սկզբնապես դա այդպես էլ կլինի, սակայն առաջիկայում այն կընդլայնվի՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների առևտրի համար։
ԶԼՄ-ների հաղորդագրություններով, INSTEX-ը կհիմնավորվի Փարիզում և կկառավարվի գերմանացի բանկային փորձագետ, Commerzbank-ի նախկին մենեջեր Պիեռ Ֆիշերի կողմից։ Ըստ Deutsche Welle-ի, Մեծ Բրիտանիան կգլխավորի դիտորդական խորհուրդը։