Բելառուսը հանել է Մինսկում ամերիկյան դիվանագետների թվի սահմանափակումը
Բելառուսը հանել է Մինսկում ամերիկյան դիվանագետների թվի սահմանափակումը։ Այս մասին, ելույթ ունենալով Վաշինգտոնում «Ատլանտյան խորհրդի» բանավեճի հարթակում, հունվարի 31-ին հայտարարել է Բելառուսի ԱԳ փոխնախարար Օլեգ Կրավչենկոն՝ հայտնում է TUT.BY-ը։
Կրավչենկոն նաեւ հայտնել է, թե չի բացառում, որ Բելառուս առանց վիզայի մուտքը կտարածվի նաեւ ցամաքային սահմանների վրա։ Սակայն, ինչպես նշել է դիվանագետը, դա նույնպես երկար գործընթաց է։
Նրա խոսքերով, Բելառուսին ստիպել ընտրություն կատարել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, վտանգավոր եւ անարդյունավետ է։ Կրավչենկոն նշել է, թե քիչ են հաշվի առնում այնպիսի երկրների դիրքորոշումները, ինչպիսին Բելառուսն է։ Նա հիշեցրել է սառը պատերազմի ժամանակները, երբ միայն երկու գերտերություններն էին որոշում Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցերը։
Փոխնախարարը հիշեցրել է, որ Բելառուսը քաղաքական եւ ռազմական միության մեջ է Ռուսաստանի հետ։ «Ես գնալով ավելի հաճախ եմ տեսնում արեւմտյան ԶԼՄ-ներում եւ վերլուծություններում, որ մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչ-որ վատ բան է։ Ես համաձայն չեմ։ Մենք կապված ենք պատմությամբ, մշակույթով, կրոնով, կրթական եւ տնտեսական կապերով, առեւտրով, ներդրումներով, արդյունաբերական համագործակցությամբ»,- ասել է նա։
Կրավչենկոն առաջարկել է «պատկերացնել աներեւակայելին»՝ եթե Բելառուսը լիներ ՆԱՏՕ-ի կազմում, ոչ թե Ռուսաստանի հետ նույն դաշինքում։ «Իմ երկիրն ավելի՞ մեծ անվտանգության մեջ կլիներ։ Մեր հարեւանները, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, իրո՞ք իրենց անվտանգության մեջ են զգում»,- հարցրել է փոխնախարարը։
Նրա խոսքերով, Բելառուսն ուզում է առավելագույն լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ նորմալ հարաբերություններ Արեւմուտքի հետ։