Կազմակերպողները գեներալ Մանվելի հետ կապ ունեցող մարդիկ են. Արշալույսի համայնքապետը` իր դեմ տեղի ունեցող ցույցերի մասին
Արդեն շուրջ 3 օր է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի դիմաց: Նրանք դժգոհ են իրենց գյուղապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանից եւ պահանջում են նրա հրաժարականը:
«Իրենց մի բան է հետաքրքրում, իրենք կարողանան լինել գյուղապետարանում, որ լավ ապրեն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը:
- Պարոն Գրիգորյան, ո՞րն է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ արշալույսցիները ձեր հրաժարականն են պահանջում:
- Իմ կարծիքով՝ այս կազմակերպողները գեներալ Մանվելի հետ կապ ունեցող մարդիկ են: Ես 3 անգամ ընտրվել եմ, 3 անգամն էլ գեներալ Մանվելը թեկնածու է առաջադրել այստեղ, 3 անգամն էլ այս մարդիկ սատարել են գեներալ Մանվելի թեկնածուին: Հիմա ո՞ւմ կողմից եղան իրենք:
Իրենք իրենց ասելով քայլել են ու կարծում են, որ ես պիտի մի 20 տարի այստեղ չլինեմ, որպեսզի իրենք դառնան գյուղապետ, որ կարողանան լավ ապրել եւ պոմիդոր չհավաքեն: Դե մեր գյուղը ջերմոցային տնտեսությունով գյուղ է եւ պոմիդորը շատ է: Իրենք ասում են՝ մեր հայրերը պիտի պոմիդոր չհավաքեն, որ մենք ապրենք, մենք պիտի գանք գյուղապետարան, որ ապրենք:
- Այսօր է՞լ են ցույցեր իրականացնում:
- Ցույցեր չի, գյուղապետարանի դիմացն են փակել:
- Քանի՞ հոգի կա:
- Իրենք ընդհանուր կլինեն մոտ 20-25 հոգի մարդ:
- Որպես հիմնավորում ի՞նչ են նշում, ինչո՞ւ չեն ուզում, որ դուք շարունակեք պաշտոնավարել:
- Իրենց մի բան է հետաքրքրում, իրենք կարողանան լինել գյուղապետարանում, որ լավ ապրեն: Ես չեմ ուզում, որ մեր արած աշխատանքները` լուսավորության, մանկապարտեզների` քանդվի: Եթե իրենց ձեռքը ընկնի, անպայման քանդելու են, որովհետեւ իրենց կյանքում ոչ մի լավ բան չեն արել:
- Իսկ, եթե գյուղի բնակիչների մեծամասնությունը պահանջի, հրաժարական կտա՞ք:
- Բա մնամ ի՞նչ անեմ: Ես իրենց առաջարկություն եմ արել, շուտով ընտրություններ են լինելու, թող գնան, ժողովրդի հետ աշխատեն, տեսնենք՝ ով կընտրվի:
- Դուք դարձյալ թեկնածություն ե՞ք դնելու:
- Պարտադիր: Մի բան էլ ասեմ, նրանք դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին 2 շտաբ բացեցին, մի շտաբը 41 ձայն տարավ, մյուսը՝ 70-ից մի քիչ ավելի ձայն:
- Իսկ դուք ինչ-որ թեկնածուի պաշտպանե՞լ եք այդ ընտրությունների ժամանակ:
- Մեր գյուղը ունեցել է նաեւ աղջիկ թեկնածու` Թագուհի Ղազարյանը, աջակցել ենք նրան եւ Արգիշտի Մեխակյանին:
- Ոստիկանությունը վերահսկո՞ւմ է իրավիճակը:
- Ոստիկանությունը հիմա այստեղ է, շատ օպերատիվ աշխատում է: Բայց այդ մարդիկ խմող են, կարող է այնպիսի օրինազանցություններ անեն, որ ոչ մեկին դուր չգա: Իրենք 18 տարի քանդել են այս գյուղը Մանվելի գլխավորությամբ:
- Դուք վատ հարաբերությունների մեջ եք չէ՞ Մանվել Գրիգորյանի հետ:
- Մենք արյունակցական կապ ունենք, բայց բարեկամներ չենք, բարի կամեցող չենք իրար, կարելի է ասել՝ թշնամանք կա: Դա էլ իր կողմից է գալիս: Իր կողմից է գալիս, որ ինքն այդ օրը ընկավ: Ոչ մեկ մեղավոր չէ, ինքն է մեղավոր: Ինքն իր անվան դիմաց գրեց այն հարց ու պատասխանը, ինչը այսօր կա: Մեր վարչապետն էլ մեր գյուղի այս ընդդիմադիրներին Արմավիր գնալու ճանապարհին ասել էր՝ տղերք ջան, գնացեք, ժողովրդի հետ խոսեք, ժողովուրդը պիտի ընտրի: Այս տարի էլ ընտրություն կա, էլ ինչո՞ւմն է բանը: